Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ՏՈ՞ՒՆ ԵՍ ԿԱՌՈՒՑՈՒՄ` ԽՆԱՅԻՐ ՆԱԽ ՓՈՂԴ, ՀԵՏՈ ՆՅԱՐԴԵՐԴ

ՏՈ՞ՒՆ ԵՍ ԿԱՌՈՒՑՈՒՄ` ԽՆԱՅԻՐ ՆԱԽ ՓՈՂԴ, ՀԵՏՈ ՆՅԱՐԴԵՐԴ
21.12.2010 | 00:00

Դեռևս 2002-ին կառավարությունը գյուղական վայրերում բնակելի տներ կառուցելու համար նախագծերի կատալոգ էր պատվիրել, որը, սակայն, լայն կիրառություն չստացավ: Պարզվեց` նախագծերն արված են միջինից բարձր հնարավորություն ունեցող մարդկանց համար: Մի քանի ամիս առաջ քաղաքաշինության նախարարությունը նման նախագծերի կատալոգ հրատարակելու նոր մրցույթ հայտարարեց: Եվ ահա, բազմակի օգտագործման անհատական բնակելի տների և օժանդակ շինությունների համար նախատեսված նախագծերի կատալոգը 2000 օրինակով արդեն հանրապետության բոլոր գյուղապետարաններում է, գյուղացիներից շատերն անգամ շինարարություն են սկսել:
ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, Հայաստանի գլխավոր ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ կարծում է, որ նման մոտեցումն առաջին հերթին սոցիալական խնդիր է լուծում: Եթե բնակիչները պետք է որոշակի գումար (ընդհանրացված հաշվարկներով` 400 հազար դրամից մինչև 1 մլն) վճարեին նման նախագիծ պատվիրելու համար, այս տարբերակով պարզապես տնտեսում են: Տնտեսվում են նաև հսկայական ժամանակ ու նյարդեր, որովհետև նախագծերն արդեն անցել են տարբեր փորձաքննություններ, և շինարարության թույլտվություններն առկա են:
Վայոց ձորի Արտաբույնք համայնքում ընդամենը 1170 մարդ է ապրում` բնիկ խոյեցիներ, ովքեր խորհրդային տարիներին աշխատում էին այստեղ գործող կոնդենսատորների գործարանի մասնաճյուղում, իսկ ներկայումս հիմնականում անասնապահներ են, թե տարին հաջող լինի` նաև այգեգործներ։ Պատմական Ցաղաց քարի, 40 աղբյուրների և Սմբատաբերդի գոգում ծվարած երբեմնի Էրդափին կոչվող գյուղը մեզ համար գուցե այդպես էլ անհայտ մնար, եթե չպարզեինք, որ այս գյուղում կարճ ժամանակամիջոցում 3 ընտանիք այդ նախագծերով տուն է կառուցում:
Համայնքի ղեկավար ՍԱՄՎԵԼ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ նշում է, որ, ի տարբերություն նախորդ կատալոգի, երբ գյուղացիներից գումար ու ժամանակ էր պահանջվում մինչև նախագիծ ձեռք բերելը, սա բավականին մատչելի է:
Վարպետ Սերգեյը, օրինակ, դեռ 1992-ին սեփականացրած հողում նոր է տան հիմքը գցել: Այն տարիներին չհաջողվեց, չնայած ձեռքին ուներ նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Հիմա է կառուցում` սեփական ձեռքերով: Նման նախագծերի հեշտացված կարգով ձեռք բերելը, նրա կարծիքով, մեծ օգնություն է ժողովրդին, մյուս կողմից էլ` հասկանում է, որ մինչև տունն ապրելու համար պիտանի դարձնելը դեռ երկար է չարչարվելու: Չի շտապում ամբողջական հաշվարկ անել, թե արդյունքում որքան գումար կծախսի տան վրա, սակայն նրա փոխարեն գյուղում հաշվարկել են, որ 8 մլն դրամը լրիվ բավարար է: Հաշվի են առել, որ շինարարը տնից է, դրա վրա գումար չեն ծախսի:
Երբ գյուղապետ Սեդրակյանն ասաց, որ նոր, անվճար նախագծեր են ստացել նախարարությունից, վարպետ Սերգեյը շտապեց գյուղապետարան` տեսնելու` դրանց մեջ կա՞ իր պատկերացրած և մտքում գծագրած տունը որդու համար:
Այն փաստը, որ նախագծերը և շինթույլտվությունը հնարավոր է ստանալ տեղում` առանց մարզկենտրոն հասնելու և գումար ծախսելու, ոգևորել էր ոչ միայն վարպետի ընտանիքին: Որդու ընկեր Արտյոմն է տուն կառուցում, նրա տան վրա էլ է զուգահեռ աշխատել:
Գյուղապետը լավատես է, կարծում է` Արտյոմի և Սերգեյի փորձը կարող է ոգևորել համագյուղացիներին, և հաջորդ տարի տուն կառուցել ցանկացողների թիվը կեռապատկվի:
Պետությունն այս ծրագրով, փաստորեն, նպատակ ունի մարդկանց կառուցելու հնարավորություն տալ` առանց բյուրոկրատական ավելորդ քաշքշուկների: Այս քաղաքականությունը բխում է նաև կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունից:
Նախագծերի կատալոգի տիրաժային հրատարակման համար գործադիրը բոլորովին վերջերս գումար առանձնացրեց, համայնքներ ուղարկված տպված տարբերակներից բացի, դրանք էլեկտրոնային տարբերակով տեղադրվել են քաղաքաշինության նախարարության կայքում, որտեղից էլ հենց կարելի է վերցնել, տպել և տեղում` գյուղապետարանում, ձևակերպել շինթույլտվությունն ու կառուցել:
Նարեկ Սարգսյանը նման զարգացումները խիստ կարևորում է նաև ճարտարապետական տեսանկյունից, քանի որ այդ շենքերն ունեն այն գեղագիտական տեսքը, որակի նկատմամբ այն պահանջները, որոնց կարիքը զգում են մեր գյուղական բնակավայրերը:
Այսինքն, եթե նախագծերը լայն կիրառություն ստանան, Հայաստանում ևս կձևավորվեն ճարտարապետական մեկ սցենարով զարգացող գյուղեր կամ թաղամասեր, ինչպես Եվրոպայում:
Մի քանի ամիս առաջ նախագծերը շրջանառության մեջ դնելով` նախարարությունում այս տարի մտադիր են դեռ հստակեցնել, թե ընդհանուր առմամբ ինչպիսին է տուն կառուցելու պահանջարկը:
Հայաստանի գլխավոր ճարտարապետն ավելացնում է, որ ամեն ինչ պետք է անել, որ բնակիչները տեղյակ լինեն, որ կան այդպիսի նախագծեր, ու գործընթացը հեշտացված է. սա կարող է խթանել նրանց կառուցելու ցանկությունը:
Նախագծերի վրա աշխատել են մեկ տասնյակից ավելի թե՛ փորձառու, թե՛ երիտասարդ ճարտարապետներ:
Կատալոգի գեղարվեստական ղեկավար ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ կարծում է, որ այդպիսով աշխատանքի հետաքրքիր սինթեզ է ստացվել. Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ միասին են ստեղծել նախագծերը: Ըստ ճարտարապետ Բարսեղյանի` դրանք մեկ գերխնդիր են լուծում` նպատակային օգտագործել գյուղը կառուցապատողի միջոցները:
Նարեկ Սարգսյանը նշում է, որ նախագծերն այնքան ունիվերսալ են, որ կարող են կիրառվել նաև քաղաքային բնակավայրերում: Այստեղ, սակայն, պետք է անցնի այլ գործընթաց, ճարտարապետական առաջադրանքին եթե համապատասխան եղավ, ապա քաղաքաբնակ կառուցապատողը ևս կարող է ինտերնետային կայքից վերցնել աշխատանքային նախագծերը:
Հայաստանի գյուղերը տարիներ, անգամ դարեր շարունակ անկանոն ու պատեհորեն են կառուցվել, գյուղացիները սովորաբար տները հիմնել են հարմար տեղանքում` առանց հատուկ գծագրերի ու նախահաշիվների: Մի տեղ կիսաքանդ ցանկապատի հետևում կքած փոքր տնակն է, կողքին պարսպապատ «դղյակը». խճանկարը շատ խայտաբղետ է: Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները տիպային բնակելի տների կառուցմամբ ուզում են արգելակել նման «մշակույթի» հետագա տարածումը:
Հանրապետության գլխավոր ճարտարապետը նշում է, որ գյուղական բնակավայրերի կառուցապատման մեխանիզմները դեռ կկատարելագործվեն, գործընթացներն էլ ավելի կհեշտացվեն: Նա լիահույս է, որ այս ամենը դրականորեն է ազդելու ընդհանրապես գյուղի մթնոլորտի վրա:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5354

Մեկնաբանություններ